ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Աշխարհիկ ու հոգևոր ղեկավարությունն ինքը պետք է փոխի իր ընթացքն ու անձնական օրինակով առաջնորդի հայությանը...

Աշխարհիկ ու հոգևոր ղեկավարությունն ինքը պետք է փոխի իր ընթացքն ու անձնական օրինակով առաջնորդի հայությանը...
17.04.2009 | 00:00

ՄԵՐ ԳՈՅԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է, ՔԱՆ ԵՐԲԵՎԷ
ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ
Հարուստ, զորեղ և զարգացած հայերի տկար, աղքատ և հետամնաց հայրենի՞ք:
Թե՞ հավատավոր, գաղափարական, ազնիվ հայերի զորեղ, զարգացած, կենսունակ և հարուստ Ազգ ու Հայրենիք:
Հայը պիտի ազնվանա, զարգանա և զորանա՝ զարգացնելով, զորացնելով և հարստացնելով իր ազգն ու հայրենիքը: Այդպիսի ազգն ու հայրենիքը յուրաքանչյուր հայի ապահովության ու երջանկության գրավականն են, երաշխիքն ու հիմքը:
Այս նպատակի ծրագրումը, կազմակերպական կառավարումն ու իրագործումը պետք է կատարվեն մարդկության ամբողջ փորձառությամբ՝ սկսած հին աշխարհից մինչև ամենաարդիականը, հայկականից մինչև ճապոնականը, համայնքայինից մինչև դրամատիրականը, ամենահասարակից ու պարզից մինչև ամենահատուկն ու բարդը:
Հայ ազգը կդառնա աշխարհի Աղը: Կդառնա կենսունակ, ստեղծագործ, օգտակար մասնիկը մարդկության: Հայաստանը կդառնա աշխարհի մարդկության լուսավոր ցուցահանդես-կրթարանը:
Սա կարող է իրականանալ Աստուծո ողորմածությամբ, Տիրոջ սիրով, Նրա կամքով և ծրագրով: Դա հաստատում է հայոց դավանանքը՝ քրիստոնեական հավատքը, և նրանից բխող ու նրա վրա հիմնված Հայ ազգային գաղափարախոսությունը (ՀԱԳ)՝ Աստվածապատվեր, Աստվածահաճո, մարդասիրական:
Ազգային-պետական էական կենսագործումներ կարող է կատարել ՀԱԳ-ով տոգորված հայը:
ՀԱԳ-ի հստակեցումը, պարզաբանումը և ուսուցումը հայ ազգի, հայրապետության և հանրապետության հիմնական, էական ու Աստուծո առաջ պատասխանատու պարտքն է, որը կվճարվի ՀԱԳ-ի ճշտիվ գործադրությամբ: Եվ այնժամ հայ ազգն ու հայրենիքը, ամեն տեսակի օրհնություններից բացի, կդառնան ֆինանսատնտեսական միջազգային ոսկյա շղթայի օղակներից մեկը, որի ասպարեզն աշխարհի գործարար դաշտն է, ուր արշավելու է ինֆորմացիոն մայրուղիներով՝ էական նվաճումներ կատարելու համար նրանց բոլոր հատվածներում՝ գիտության, կրթության և բարձրակարգ տեխնոլոգիաներից, արդյունաբերական արտադրությունից ու առևտրաֆինանսական գործառնություններից մինչև բազմաբնույթ մասնագիտական ծառայություններն ու արվեստները:
Ազգն ու Հայաստանը փեթակն են, յուրաքանչյուր հայ՝ մեղուն, որ աշխարհի բազմազան ծաղիկների նեկտարից բերում է փեթակ: Բերում է որպես իր էության խնդրի կատարում՝ իր հավատքի բնազդական մղումով: Հայի համար իր էության խնդրի կատարումը, այն է՝ իր կյանքի իմաստավորումը և հավերժացումը, իր հավատքի բնական մղումի, իր ազգային գաղափարախոսության գիտակցումն ու ապրումն է:
ՀԱԳ-ի իրական, արմատական և անկեղծ գիտակցումով ու ապրումով ժամանակակից հայը վերալուսավորվում է, Սուրբ Հոգով վերաորդեգրվում է Աստծուն, դառնում է անընկրկուն, աննկուն ու անհաղթահարելի, կենսունակ և կենսատու, դառնում է ՄԱՐԴ՝ ԱՍՏՈՒԾՈ ԺԱՌԱՆԳՈՐԴ ՈՐԴԻ: ԵՎ ԵՂԲԱՅՐ՝ ԱՍՏՈՒԾՈ ՈՐԴԻՆԵՐԻ, ԺԱՌԱՆԳՈՐԴ՝ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ, ՔԱՂԱՔԱՑԻ՝ ԱՍՏՈՒԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ:
ՈՒրեմն. ազգի ու հայրենիքի գոյատևման, զարգացման, հզորացման և բարգավաճման խնդրի կատարումը հայերից է կախված: Բայց այդ խնդիրը կարող է լուծել գաղափարական հայությունը, գաղափարազուրկ հայությունն անկարող է ապահովել ազգի ու հայրենիքի գոյությունը: Անկարող է, մանավանդ որ առկա գոյությունը տկար է, անկազմակերպ ու անկառավարելի և գտնվում է հակառակորդ զորեղ ուժերի հետևողական, բազմակողմանի և բազմաբնույթ հարաճուն ճնշումների տակ: Եվ դա ա՛յն ժամանակ, երբ ազգի ու հայրենիքի կառավարման կառույցներն էլ մեծ մասամբ զուրկ են թե՛ դրական և թե՛ բացասական խրախուսման միջոցներից՝ խթանելու համար հայի ծրագրված, համակարգված դրական արարքների կատարումը՝ կարգապահ հետևողականությամբ, և զսպելու ամեն տեսակի բացասական արարքները:
Հետևաբար, ներկա իրավիճակում առնվազն տեսանելի ապագայի համար ազգային, պետական և հասարակական գործունեությունը (որի որակը պետք է շատ բարձր աստիճանի լինի, այլապես պարտադրված մրցակցության պայմաններում անօգտակար կլինի) պետք է լինի ինքնաբուխ, ինքնակարգապահ, շատ դեպքերում՝ նաև ինքնակառավարվող: Այսպիսի պայմաններով պահանջը հայությունը չի՛ կարող կատարել առանց գաղափարի: Հետևապես, հայության գոյության, զարգացման և բարգավաճման խնդրի կատարման մակարդակը կախված է իր դավանած գաղափարի արժեքի մակարդակից:
Թե՛ սեփական անձից և թե՛ նույնիսկ հայությունից ու հայրենիքից ավելի բարձր արժեք ունեցող գաղափարին զորագրումը, ավելին՝ այդ գաղափարի միսն ու արյունը, նրա էության մաս դառնալը միայն կարող է ապահովել հայության կենսական խնդրի կատարումը՝ ԱԶԳԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐ ՈՐԱԿԻ ԳՈՅԱՑՈՒՄԸ, ԱՍՏՈՒԾՈ ՇՆՈՐՀՈՎ:
Այդ շնորհը ամենազորեղ ու ամենաստեղծագործ ուժն է հայության կյանքի: Այն կարող է վերափոխել ամեն ինչ. քայքայումից՝ ծաղկեցնել, անկումից՝ բարձրացնել: Այդ շնորհը նաև թանկարժեք է, անգի՛ն կենարար է համայն մարդկության համար, որովհետև խաչի վրա Հիսուս Քրիստոսի թափված արյամբ է ...
ԱՆԿԱՇԱՌ ԱԶԳ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ
Հայ ժողովրդի ու հայրենիքի ազգային և պետական կենսական խնդիրներից է ԱՆԿԱՇԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ հաստատումը՝ վերևից սկսած մինչև ամենուր:
Ազգի ու հայրենիքի ապահովության, կենսունակության և վերելքի, այդ թվում՝ անվտանգության, հզորության, զարգացման, բարգավաճման, արժանապատվության և համաշխարհային հարգանքի ու վստահելիության մակարդակն ուղիղ համեմատական է յուրաքանչյուր հայի, ամբողջական հայության ու հատկապես ղեկավարության անկաշառելիության մակարդակին:
Ասում ենք յուրաքանչյուր հայի, որովհետև աշխարհիկ ու հոգևոր ղեկավարության, նաև՝ մտավորականության մակարդակը պայմանավորված է հիմնականում ժողովրդի ընդհանուր մակարդակով: Այլ խոսքով՝ ժողովուրդը ծառն է, որից պտուղը՝ մտավորականությունն ու ղեկավարությունը, շատ հեռու չի կարող ընկնել:
Այլ բան է, որ ազգի մեջ անկաշառելիության մակարդակի բարձրացումն ավելի արագ, հարթ ու առավել արդյունավետ կլինի, եթե սկսվի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարությունից:
Բայց ի՞նչ է կաշառելիությունը: Ինչի՞ց է այն առաջանում ու ծավալվում: Եվ ի՞նչն ինչպես կարող է այն նվազեցնել, վերացնել ու երբեք թույլ չտալ այլևս դրա վերագոյացումը:
Ի՞նչ է կաշառելիությունը. այն խախտումն է մեր ազգի, երկրի օրենքների, գրված ու չգրված բարոյական տոհմիկ կանոնների և անձի ու հավաքականության կամքի և ցանկության՝ տարբեր տեսակի ու ձևի ապօրինի վարձատրության դիմաց:
Կաշառելիությունը ազգի, երկրի, հասարակության հոգեբարոյական և գաղափարական անբավարարությունից առաջացող ընկերային հիվանդություն է, որը տարածվում է քաղցկեղի նման և ճարակում է ազգային-հասարակական ու պետական օրգանիզմի կենսունակությունն ու վարակամերժ հատկությունը: Դրանից հետո օրգանիզմի քայքայումը, անպիտանիությունը և վերջին հաշվով մահը վարակահարուցիչների սաստկության աստիճանի ու ժամանակի հարց է:
Ինչի՞ց է առաջանում կաշառելիությունը. հոգեղենության, բարոյականության և գաղափարականության տկարացումից, նվազեցումից և կամ աղավաղումից, այլասերումից: Այն տարածված կարծիքը, թե կարիքը, աղքատությունն են ծնում կաշառելիություն, ըստ մեր ազգային փորձի և, բնականաբար, նաև մարդկության փորձի, ճիշտ չէ: Չէ՞ որ կաշառելիությունը խոր ու ծավալուն է ավելի շատ ղեկավար ու ունևոր խավերում, ինչպես նաև այս աշխարհի զորեղների շրջանակում:
Կարիքը, անապահովությունը, վտանգը ծանրաբեռնում են ազգի, երկրի, հասարակության վարակամերժ կարողությունը՝ դիմադրելու, չեզոքացնելու, հաղթահարելու տարբեր փորձությունները՝ վարակահարուցիչ բացիլները (ինչպես ծանրաբեռնվում է սրտի աշխատանքը տարբեր առիթներով, բայց հաղթահարում է հաճախ աննկատելի, երբեմն՝ պարզապես միայն ազդվելով, եթե հիվանդ չէ), բայց դրանք հիմնական պատճառ չեն: Մանավանդ որ աղքատությունն ու տկարությունը հաճախ ինքնին արդյունք են հոգեբարոյական և գաղափարական վարակամերժության անկման:
Առողջ օրգանիզմի վարակամերժության համակարգի տկարությունը քրոնիկական չի կարող լինել, այլ դիպվածային (էպիզոդիկ) է որոշ բնական անզգուշության և վարակահարուցիչ վիրուսների (կարծես թե դարձյալ բնական)՝ վերափոխվելու և վերադասավորվելու հատկության պատճառով: Սակայն դրանց նոր հարձակումն անմիջապես կկասեցվի, երբ առողջ օրգանիզմում դրական վիրուսները ևս անմիջապես վերադասավորվելով պարտության մատնեն նախահարձակումը: ՈՒրեմն կաշառելիությունը հիմնականում արդյունք է հոգեբարոյական ու գաղափարական անկումի:
Ինչպե՞ս կարելի է վերացնել կաշառելիությունը հայոց կյանքից. այն կվերացվի մեր երկրի ու ազգի բոլոր հավաքականությունների, խավերի հոգեղենության, բարոյականության և գաղափարականության զորացմամբ, բարձրացմամբ և վերածմամբ ապրումի՝ մեր անձնական, ազգային և մարդկային կյանքի բոլոր հանգրվաններում: Հոգեղենությունը՝ Աստուծո հավատքի շնորհով. բարոյականությունը՝ Քրիստոսի Ավետարանի վարդապետությամբ. և գաղափարականությունը՝ Աստուծո հավատքի շնորհից և Քրիստոսի Ավետարանի վարդապետությունից ու նաև Տիրոջ խաչի խորհրդի զորությունից բխող և դրանց վրա հիմնված Հայ ազգային գաղափարախոսությամբ:
ՄՇՏԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
(Ամեն տեսակի վտանգների դեմ)
Մեր ազգի ու հայրենիքի պատմական ընթացքում, երբ այլոց տիրապետության տակ գտնվելիս իշխողների նպատակը եղել է մեր երկրին ու ինչքին տիրանալը միայն, նրանք ջարդել են մեզ կամ քշել դուրս: Երբ ինչ-ինչ պատճառներով այդ չեն կարողացել անել կամ չեն կարողացել լրիվ անել և կամ էլ, երբ նրանք շահագրգռված են եղել, բացի մեր երկրին ու ինչքին տիրանալուց, շահագործել նաև մեր աշխատանքն ու տաղանդը, նրանք մեր ֆիզիկական զանգվածային վերացմանը չեն ձգտել, այլ նույնիսկ պահպանել են որպես համայնք, բայց որպես ազգ՝ աշխատել են, որ գոյություն ունենանք ձևով, այլ ոչ բովանդակությամբ:
Այդ ընթացքում երբեմն մեղմորեն, երբեմն սաստիկ ու վայրագ մեթոդներով փորձել են նսեմացնել, աղավաղել, այլասերել մեր ազգային ինքնությունը (որը զուգահեռաբար ազդում էր նաև մեր մարդկային ինքնության վրա)՝ ջանալով ճնշել, խաթարել մեր հավատամքը, մեր ազգային ոգին և թուլացնել, արմատախիլ անել մեր ազգային ինքնագիտակցությունը, որով և զրկել մեզ հոգեբարոյական վարակամերժ դիմադրողականությունից:
Ձևով՝ ազգային, բովանդակությամբ՝ պարսիկ, թուրք, ռուս և այլն, հետո էլ՝ սովետական մարդ դառնալու դեմ դարերով պայքարել է հայ մարդը՝ «Մահ իմացյալ՝ անմահություն» հավերժական ճշմարտությունը կյանքի գաղափարախոսություն ու ապրումի մաս դարձրած, իր հարազատ մեծերի սուրբ օրինակով ու առաջնորդությամբ: Իր հայրերի հավատքից բխող և նրա վրա հիմնված ազգային գաղափարախոսությամբ տոգորված հայը միշտ հաղթել է այդ պայքարում: Պարտությունը եղել է, երբ հայը անհատապես կամ հավաքաբար մոռացել, ուրացել կամ անտեսել է իր գաղափարախոսությունը՝ զրկվելով ազգային և մարդկային հոգեբարոյական վարակամերժության կարողությունից: Այս իրողության նշումը պատմական էքսկուրս չէ, այլ ազգի ներկայի ու ապագայի կենսական խնդիր: Որովհետև ոտնձգությունը՝ դատարկելու հային իր էությունից, իսկ երբ դա լիովին հնարավոր չէ՝ նսեմացնել, վարակել և այլասերել նրա ինքնությունը, որ նշանակում է նաև կորուստ մնացած այս հայրենիքի, կատարվում է ավելի մեծ մասշտաբով, ավելի նենգորեն քողարկված և ավելի դաժանորեն խոցող ու սպառող միջոցներով և մեթոդներով:
Հոգեկան ու բարոյական ստրկության՝ մեր գոյի ոչնչացման վտանգն այսօր ավելի մեծ է, քան երբևէ: Ամենացավալին ու վտանգավորն այն է, որ, ըստ երևույթին, ազգի և նրա ղեկավարության մեծամասնությունը չի տեսնում, չի զգում, չի գիտակցում այդ վտանգը: Ավելին՝ իր արարքներով ավելի է խոցելի դարձնում ազգը՝ մեծացնելով և մոտեցնելով օրհասը:
Ազգի ու հայրենիքի կենսական խնդիրն է՝ կանգնեցնել անկումը, փոխել ընթացքը ու ապահովել վերելքը: Այդ իրագործելու համար աշխարհիկ ու հոգևոր ղեկավարությունն ինքը պետք է փոխի իր ընթացքն ու անձնական օրինակով առաջնորդի հայությանը...
Վարդան ԳՐԻՉԵՆՑ

Դիտվել է՝ 3834

Մեկնաբանություններ